Գլխավոր > Նյութեր > հոդվածներ > ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱ՞Ն. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱ՞Ն. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Հրապարակում ենք Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի քաղաքական երկխոսություն տարածաշրջանային ծրագրի տնօրեն դոկտոր Թոմաս Շրապելի քաղաքացիական հասարակության գերմանական փորձին նվիրված զեկուցումը, որը ներկայացվել է 2019 թ. մարտի 15-ն ՀՀՀԿ կայքի շնորհանդեսին:

«Քաղաքացիական հասարակություն» հասկացությունն ունի երկար ավանդույթ։ Հավանաբար առաջինն Արիստոտելն էր, որ գիտության մեջ օգտագործեց խոսակցական լեզվում շատ գործածական politike koinonia արտահայտությունը։ Հռոմեացի փիլիսոփաները այդ հասկացությունը բառացի թարգմանեցին լատիներեն՝societas civilis։ Հին հունարենից կամ լատիներենից բառացի թարգմանած այն նշանակում է «քաղաքացիական հասարակություն»։Անգլոսաքսոնները խոսում են «civil society»-ի, իսկ ֆրանսիացիք՝ «societe civile»-ի մասին։ Անտիկ աշխարհում, ասելով «քաղաքացիական հասարակություն», հասկանում էին հասարակությունում մարդկանց համար իդեալական ապրելակերպ։

Եվ այս իմաստով այդ հայեցակողմը շատ ավելի ուշ քննեցին ֆրանսիացի փիլիսոփաները։ Ֆրանսիացի ազնվական Ալեքսիս դը Տոկվիլը (Alexis de Tocqueville) 19-րդ դարում ճանապարհորդում էր ԱՄՆ-ում։ Նա պարզապես հիացած էր արդեն գոյություն ունեցող ամերիկյան «քաղաքացիական հասարակությամբ»։Ի դեպ այն ծնունդ էր առել կարիքից, որովհետև պետությունը դեռևս չէր կարողանում վերահսկել ամբողջ հասարակությունը։Հասարակական ինքնակազմակերպությունը հիմնված էր քաղաքացիների կամավոր ակտիվության և հերևյալ երկու սկզբունքների վրա.

Առաջին՝ այն չէր կողմնորոշվում շուկայի օրենքներով։

Երկրորդ՝ այն հլու հնազանդ չէր ենթարկվում պետության իշխանական պահանջներին։

«Քաղաքացիական հասարակության» ամերիկյան ըմբռնման մեջ միշտ մեծ դեր է խաղացել պետության միջամտությունների նկատմամբ վերահսկողության գործառույթը։ Ի դեպ դա այսօր էլ է զգացվում։ Միշտ, երբ ԱՄՆ կազմակերպությունները այլ երկրներում փորձում են ստեղծել քաղաքացիական հասարակության հաստատություններ, ուշադրության կենտրոնում որպես կանոն գտնվում է պետության և պաշտոնական քաղաքականության նկատմամբ վերահսկողության գործառույթը։

Հենց այստեղ էլ, օրինակ, դրսևորվում է տարբերությունը գերմանական կազմակերպությունների ռազմավարությունից, որոնք, ինչպես Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամը, գործունեություն են ծավալում նաև միջազգային մակարդակում։ Մենք փորձում ենք քաղաքացիական հասարակությունը կազմակերպել որպես քաղաքական գործիչների գործընկեր...

Այսօր «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը բազմաթիվնշանակություններ ունի։ Այստեղ մենք գործ ունենք համալիր բնույթ ունեցող հասարակական երևույթների հետ։ Այս կարճ ներածականում ևս չեմ կարող ու չեմ էլ ուզում անդրադառնալ դրանց բոլորին։ Ուզում եմ խոսել միայն մի քանի տեսանկյունների մասին։

Հրապարակախոսական ու հանրային քննարկումներում «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը գրեթե առանց բացառության դրական նշանակություն ունի։ Դա այդպես է ոչ միայն Արևմտյան, այլ նաև Արևելյան Եվրոպայում և հատկապես այն պետությւուններում, որոնք վերականգնվել կամ նոր են առաջացել կոմունիստական ռեժիմների փլուզումից հետո։Ընդ որում, «քաղաքացիական հասարակությունը» համարվում է մի տեսակ համադարման չափազանց հզոր պետության դեմ և կամ էլ համադարման չափազանց հզոր քաղաքական կուսակցությունների դեմ։ Այս իրադրության մեջ«քաղաքացիական հասարակությունը» թվում է կուսակցություններով կառավարվող պետության հակադրություն։ Եթե այլ կերպ ասելու լինենք, կա պատկերացում, որ «քաղաքացիական հասարակությունը» պետք է կատարի այն ամենը, ինչնի վիճակի չէ անել «քաղաքականությունը»։Այդ մեկնաբանությամբ քաղաքականության և «քաղաքացիական հասարակության» միջևհստակ հակադրություն է ստեղծվում։

Ես մտադիր չեմ հերքել, որ այդպիսի իրադրություններ լինումեն։ Բայց հաջորդիվ ես կուզենայի փոքր-ինչքննադատաբար անդրադառնալ նաև այս ըմբռնմանը։ Կամ, այլ կերպ ասած, ես կուզենայի օգտվել առիթից ներկայացնելու համար, որ «քաղաքացիական հասարակությունը» կամ «քաղաքացիական հասարակության» հաստատությունները որոշակի քաղաքական պայմանների ներքո միանգամայն կարող են նաև բացասական դեր խաղալ։«Քաղաքացիական հասարակությունն» ինքնաբերաբար միայն լավը չէ, եթե կազմավորվում է, քաղաքական շրջաններին հակադրվելու կամ բացառապես դրանք վերահսկելու համար։

Ես երեք տարուց ի վեր որպես գործադիր տնօրեն պատասխանատու եմ Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի համար ու այդ իսկ պատճառով շատ հաճախ եմ լինում այստեղ՝ Հայաստանում։ Փորձս ցույց է տալիս, որ այստեղ նույնպես ընդունված է «քաղաքացիական հասարակության» ավելի շուտ դրական կոնոտացիաներ ունեցող մեկնաբանությունը։

Բայց ի՞նչ է «քաղաքացիական հասարակությունը» գործնական իմաստով:

«Քաղաքացիական հասարակությունը» Կենտրոնական ու Արևմտյան Եվրոպայում և հատկապես Գերմանիայում համարվում է ազատական-ժողովրդավարական (լիբերալ-դեմոկրատական) հասարակության ողնաշարը։ Սա միավորումների և հասարակական աշխատանքի միջոցով ինտեգրման վայրն է։Այստեղ գործ ունենք ընտանիքից, պետությունից կամ տնտեսական ձեռնարկություններից դուրս ակտիվ գործունեություն ծավալող քաղաքացիների կամավոր միավորումների հետ։Եթե ժամանակակից հասարակության տարրերը փորձենք պատկերացնել երեք սյուների միջոցով՝

պետություն– տնտեսություն– ընտանիք,

ապա «քաղաքացիական հասարակությունը» կլինի ճիշտ այս երեք սյուների արանքում ընկած տարածքը։

Սրան ավելանում է այն, որ «քաղաքացիական հասարակության» կազմակերպչական ձևերը Գերմանիայում երկար ավանդույթ ունեն։ Արդեն19-րդ դարի առաջին կեսից սկսած գերմանացիներն սկսել են միավորումներ կազմել։ Այդ միավորումները բնորոշվում էին հենց այն երկու տարրերով, որոնք Ալեքսիս դը Տոքվիլընկատել էր Ամերիկայում՝ դրանք չէին ղեկավարվում տնտեսական չափանիշներով և պաշտոնական պետական հաստատություններից դուրս գտնվող միավորումներ էին։Դրա կարևորագույն պատճառներից մեկն այն էր, որ Նապոլեոնի դեմ պայքարի փորձառության շնորհիվ բազմաթիվ «հասարակ» մարդիկ քաղաքականացվել էին։

Գերմանիայում քաղաքացիական հասարակության հաստատություններում քաղաքացիները գործում են կամավոր և հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։ Միաժամանակ այս պահին շուրջ 2,5 միլիոն քաղաքացիներ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքի ընդունված և կանոնավոր վարձատրություն ստացող հաստիքավոր աշխատակիցներ են։

Եթե կիրառենք պետության, տնտեսության և ընտանիքից դուրս կազմակերպչական ձևում կամավոր միավորման այս սահմանումը, ապա Գերմանիայինվերաբերվողթվերըտպավորումեն։Գերմանացիներն առանց այն էլ հատկապես միավորումներ կազմելսիրող ժողովրդի համբավ ունեն։ Ասում են` եթե երեք գերմանացի հանդիպում են,միություն են ստեղծում։

Գերմանիայում այժմ կան ավելի քան 600.000միավորումներ, որոնք ունեն առնվազն25միլիոն անդամ։ Գործունեության բովանդակության տեսանկյունից դրանց սպեկտրն ընդգրկում է հավեր կամ ճագարներ բուծողների և դպրոցներին օժանդակող, սպորտային միություններից մինչև գրեթե բոլոր բնագավառներում հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող հաստատություններ։ Այդ հաստատությունները տարբեր կատեգորիաների են պատկանում և հարկային արտոնություններ ունեն։

Ես այստեղ նշեցի այդ թվերը, որպեսզի պարզ դառնա, որ «քաղաքացիական հասարակության» հասկացությունը Գերմանիայում  շատ ավելի լայն ընդգրկում ունի, քան հավանաբար այստեղ՝ Հայաստանում։ Եթե, հակառակը, «քաղաքացիական հասարակության» մասին հայկական պատկերացմամբ նայենք իրավիճակին Գերմանիայում, ապա այն գուցե մի քիչ տարօրինակ թվա։ Այն միավորումները, որոնցում քաղաքացիները հանդիպում են հավերի կամ ճագարների բուծման մասին խոսելու համար, դիտել որպես քաղաքացիական հասարակության մասեր...

Սակայն հավատացնում եմ Ձեզ, որ այդ միավորումներն արտակարգ կարևոր դեր են խաղում, օրինակ, համայնքային քաղաքական գործիչների համար։

Եթե ինչ-որ մեկը Գերմանիայում ցանկանում է մասնագիտորեն զբաղվել քաղաքականությամբ և ընտրվել, ապա հաջողության շանս ունի միմիայն այն դեպքում, երբ կապեր ունի նման միավորումների հետ։ Միավորումներ, որոնք առաջին հայացքից գուցե և բացարձակ ապաքաղաքական են թվում։Եթե, օրինակ, Գերմանական Բունդեսթագի՝ Գերմանիայի ազգային խորհրդարանի պատգամավորներն իրենց հանդիպումների ժամանակացույցը կազմելիս նույն օրն ու ժամին մի քանի հանդիպումների խնդրանք են ստանում, ապա նրանք շատ հաճախ որոշում են կայացնում ենթադրաբար ապաքաղաքական հանդիպման օգտին. ավելի լավ է երեկոն անցկացնեն հավեր բուծողների միությունում, քան իրենց ընտրատարածքից դուրս իբր թե քաղաքական նշանակություն ունեցող ելույթ ունենան։

Որքան էլ տարբեր են այդ միավորումներն այս շատ գերմանական ընկալմամբ, դրանց կապող տարր գոյություն ունի՝ դրանք անջատված են պետությունից։ Բայց այդ անջատվածությունը չի նշանակում, թե դրանք պետության հակառակորդներն են։ Միավորումներն անկախ են պետության կողմից պայմաններ թելադրելուց և պարտավոր են ունենալ առնվազն 7 անդամ։ Դրանց իրավական բնութագիրը հանրօգուտ լինելն է։ Հետևաբար պետք է ապացուցվի, որ տվյալ միավորումն օգտակար է հանրության համար։

Բայց սա չի նշանակում, որ նրանք պարտադիր պետք է դիրքավորվեն պետության դեմ։ Ինստիտուցիոնալ անկախությունը չի նշանակում, որ մարդ իրեն պետք է որպես պետության հակառակակորդ կամ նույնիսկ թշնամի ընկալի։ Բավականաչափ զարգացած և կայացած ժողովրդավարություններում քաղաքականությունըև քաղաքացիական հասարակությունըհանդես են գալիս ոչ միայն որպես հակադրություններ, այլև միևնույն մեդալի երկու կողմեր։

 

«Քաղաքացիական հասարակության» զարգացման արդի միտումները

 

Տիկնայք և պարոնայք, կուզենայի նշել նաև, որ վերջին տարիներին «քաղաքացիական հասարակությունը» Գերմանիայում փոփոխությունների է ենթարկվել և փոխվել է ոչ միայն դեպի լավը։

Բանն այն է, որ «քաղաքացիական հասարակության» մասին քննարկումները 1990-ական թվականներից Արևմուտքում նոր դինամիկա ստացան։ Դրա պատճառը բազմաթիվ նախկին կոմունիստական երկրներում սկիզբ առած քաղաքացիական շարժումների առնչությամբ կուտակված փորձն էր։Արտաքին քաղաքական իրադրությունների կողքին 1980-ական թվականների վերջին այդ քաղաքացիական շարժումները Կենտրոնական Արևելյան և Արևելյան Եվրոպայում կոմունիստական համակարգերի փլուզմանը հանգեցրած էական տարրեր էին։Եվ ասածը առանձնահատուկ չափով վերաբերում է Գերմանիայի արևելյան մասին։

Արևմտյան Եվրոպայում դա վերածնունդ նշանակեց «քաղաքացիական հասարակության» մասին քննարկումների համար, որոնք այժմ տեղի են ունենում «քաղաքացիական շարժում» անվան ներքո։Անկախ այն բանից, թե որ հասկացություններն ու եզրերն են օգտագործվում հանրային դիսկուրսում կամ նաև գիտական գրականության մեջ, դրանք բոլորը մի ընդհանրություն ունեն.

«Քաղաքացիական շարժում» կամ «քաղաքացիական հասարակություն» հասկացություններըբացառապես դրական կոնոտացիաներով էին օգտագործվում։ «Քաղաքացիական հասարակությունը» որպես հասարակական առաջընթացի կամ երբեմն նույնիսկ (դրական իմաստով) հեղափոխական գործունեության հոմանիշ էր ընկալվում։ Արևմուտքում նրանք, ովքեր իրենց դիրքավորում էին ավելի շուտ քաղաքական սպեկտրի ձախ հատվածում, համարում էին, որ «քաղաքացիական շարժումները» կամ «քաղաքացիական հասարակության» կազմակերպություններն ըստ էության քաղաքականառումով կարող են միշտ և միայն ձախ կողմնորոշում ունենալ։ Նրանց համար այդպես մտածելը հեշտ էր, քանի որ նրանք իրենց սեփական քաղաքական ակտիվությունը 1960-ական ու 1970-ական թվականներին միշտ էլ ձախ թևում էին ծավալել։

Սկզբում ես արդեն հիշատակեցի, որ Գերմանիայում քաղաքացիական հասարակության կառույցների ստեղծման բուն և սկզբունքային նախադրյալը միավորումներ ստեղծելու իրավունքն է։ Դրան ավելանում է այն, որչկա պարտադիր պայման, թե ինչով պետք է զբաղվի այդպիսի միությունը կամ թե ինչու պետք է քաղաքացիները հանդիպումներ ունենան այդպիսիմիությունում։ Արդյո՞ք մտադիր են միասին ճագարներ կամ հավեր բուծել։Կամ գուցե այնտեղ մտքեր են փոխանակում այն մասին, թե ինչպես երկարարացնեն էկզոտիկ ձկների կյանքը ակվարիումում... Կամ էլ գուցե հանդիպում են միասին սպորտով զբաղվելու համար։ Ուրիշներն էլ գուցե շահագրգռված են գրքերի ակումբ ստեղծելու, որտեղ հնարավոր կլինի պարբերաբար հանդիպել գրականության մեջ նորագույն միտումները քննարկելու համար։Ճիշտ այդպես էլ կարելի է այնպիսի միավորում ստեղծել, որում կհանդիպեն ինչպես տարբեր քաղաքական կուսակցությունների անդամները, այնպես էլ նրանք, որոչ մի կուսակցության չեն պատկանում։ Եվ այնտեղ նրանքկարող են քննարկել առօրյա կյանքի գործնական հարցեր և օգնել ուրիշներին, օրինակ, փախստականներին։

Այստեղ ես առաջին հերթին նկատի ունեմ սպորտային միությունները, որոնք Գերմանիայում ավանդաբար մեծ հետաքրքրություն են ներկայացնում փախստականների և ներգաղթածների համար։ Սպորտային միությունները մինչև հիմա Գերմանիայում մեծ ավանդ են ունեցել ներգաղթածներին հասարակության մեջ ներգրավելու գործում։Գերմանիայում դրանք պատկանում են «քաղաքացիական հասարակության» կարևորագույն հաստատությունների թվին։ Թվում է, որսպորտային միություններիակտիվ գործունեությունը ներգաղթածների և փախստականների ինտեգրման ուղղությամբ ապացուցում է, որ «քաղաքացիական հասարակությունը» բացառապես առաջադեմ ու լավ բան է։

Հարց է առաջանում՝ իսկարդյո՞ք «քաղաքացիական հասարակությունը» չի կարող նման պայմաններում խաղալ նաև բացասական դեր։

Կարճ պատասխանն այն է, որ իհարկե, «քաղաքացիական հասարակությունը» կարող է բացասական դեր խաղալ։ Փորձեմ պարզաբանել սա մի օրինակով Գերմանիայից, որը գուցե և մի քիչ արտասովոր թվա։Խոսքը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի մասին է փոփոխված քաղաքական պայմաններում։

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը 2014-ին Բրազիլիայում աշխարհի չեմպիոն դարձավ։ Այն ժամանակ այդ գերմանական թիմի կազմում կային բազմաթիվ խաղացողներ, լինելով Գերմանիայի քաղաքացի, տարիներ առաջ ներգաղթել էին Գերմանիա տարբեր երկրներից կամ ներգաղթածների ընտանիքներում էին ծնվել։

Պատանի տաղանդավոր ֆուտբոլիստներն աճել և համաշխարհային մակարդակի խաղացողներ են դարձել գերմանական ֆուտբոլային միություններում։Այդ երիտասարդների ինտեգրումը գերազանցապես կատարվել է սպորտային միությունների՝ «քաղաքացիական հասարակության» բջիջների միջոցով։

Այդ սերնդի հրաշալի ֆուտբոլիստներից էր Գերմանիայում ծնված Մեզութ Օզիլը։Նրա ծնողները Թուրքիայից Գերմանիա են ներգաղթել 1970-ական թվականներին։

Գերմանացինորը սիրում էին իրենց հավաքականին և սիրում էին նաև համաշխարհային կարգի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլին։Նա երբեք չէր թաքցրել, որ թուրքական արմատներ ունի և պատկանում է թուրքական մշակույթին ու ի դեպ իսլամ է դավանում։Օրինակ, Մեզութ Օզիլը ֆեյսբուքում պատմում էր Մեքքա կատարած իր այցելությունների և այնտեղ սրբազան քարի շուրջը մահմեդականների համար այդքան կարևոր պտույտ գործելու մասին։

Նա խաղում էր գերմանական հավաքականի սպորտային համազգեստով և Գերմանիայի օգտին գոլեր խփում։2018 թվականին տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնությունը՝ Ռուսաստանում։Դուք գիտեք, որ գերմանական թիմը, որի կազմում էր 2014-ի աշխարհի չեմպիոններիմեծամասնությունը, Ռուսաստանում շատ վատ խաղ ցուցադրեց։Գերմանական որևէ հավաքական երևի դեռ երբեք այդքան վատ չէր խաղացել, ինչպես 2018-ին։

Իհարկե կարելի է ասել, որ սա «ընդամենը» ֆուտբոլ է...Բայց նախ պետք է իմանալ, որ Գերմանիայում ֆուտբոլը միայն սպորտ չէ։ Ֆուտբոլը և մեր ազգային հավաքականի հաջողությունները խոշոր մրցաշարերում էական նշանակություն ունեն գերմանացիների տրամադրության բարձրացման համար։Իսկ Գերմանական ֆուտբոլային միությունը Գերմանիայում «քաղաքացիական հասարակության» ամենախոշոր կազմակերպությունն է ու դրանով գերմանական քաղաքացիական հասարակության կարևորագույն բաղադրիչներից մեկը։Այսինքն՝ «քաղաքացիական հասարակության» այս կազմակերպությունը կարող է ահռելի ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի ձևավորման վրա՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով։

Եվ ահա մեդիաներում կարելի էր մի քանի շաբաթ շարունակ քննարկել գերմանական հավաքականի վատ խաղի արդյունքներն, ու այդպես էլ եղավ։

Բայց մեկ այլ քննարկում մղվեց առաջին պլան՝ հանրային քննարկում ֆուտբոլի բազմաթիվ գերմանացի երկրպագուների նախկինում այդքան սիրված ֆուտբոլիստ Մեզութ Օզիլիմասին։Ճիշտ է, նա էլ, ինչպես և գերմանական հավաքականի գրեթե բոլոր դերակատարները, շատ վատ խաղաց։ Բայց նա դարձել էր մեկ այլ քննարկման թիրախ. կարևոր դարձավ այն հարցը, թե որ մշակույթին և ազգինէ նա սեփական զգացողությամբ ավելի շուտ պատկանում։

Մեզութ Օզիլը Ռուսաստանում կայանալի աշխարհի առաջնությունից մի քանի շաբաթ առաջ լուսանկարվել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ և հանձնել նրան գերմանական հավաքականի իր սպորտային համազգեստը։ Ապա այդ լուսանկարը տեղադրել էր ֆեյսբուքում և բազմաթիվ գերմանացիների շրջանում աշխույժ քննարկումների առիթ տվել։

Ի՞նչ էր պատահել։ 2014-ին գերմանացիների ֆուտբոլի աշխարհում ամեն ինչ կարգին էր։ Հպարտ աշխարհի չեմպիոն։ 2015թ. աշնանը Գերմանիայի համար սկսվեց զանգվածային ներգաղթի խնդիրը:

Ֆուտբոլը միանգամից դարձավ վերին աստիճանի քաղաքական գործ։ Ու քննարկման առարկա դարձան «քաղաքացիական հասարակության» հաստատությունները, այսինքն՝ սպորտային միությունները։ «Քաղաքացիական հասարակության» մյուս մասերը հանկարծ հարց բարձրացրին, թե արդյո՞ք այդ միություններում բավարար գործ է արվում ինտեգրման համար։Ինչպե՞ս կարող էր պատահել, որ Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողը բացեիբաց ցուցադրում է իր համակրանքը Թուրքիայի նախագահի հանդեպ ու դեռ նրան էլ նվիրում է հավաքականի խաղացողի սպորտային համազգեստը...

Եթե Մեզութ Օյզիլը Թուրքիայի նախագահի մոտ եղած ու նրան իր սպորտային համազգեստը նվիրած լիներ2014 թվին, ապա դա հազիվ թե որևէ մեկին հետաքրքրած լիներ։ Առավել ևս առաջացրած չէր լինի որևէ քննարկում «քաղաքացիական հասարակության»շրջանակում ազգային ինքնության, ծագման կամ էլ նույնիսկ ռասիզմի մասին։Մարդկանց դա պարզապես դժվար թե հետաքրքրած լիներ, չէ՞ որ աշխարհում ու նաև գերմանական ֆուտբոլի աշխարհում ամեն ինչ կարգին էր։2014-ին Գերմանիայում ոչ մեկին չէր հետաքրքրի այն, որ համաշխարհային կարգի ֆուտբոլիստ Մեզութ Օյզլիը երբեք չի հրաժարվել իր թուրքական արմատներից ու մշակույթից։Նա հանճարեղ խաղ էր ցուցադրում և սենսացիոն գոլեր խփում Գերմանիայի համար։

Դրանից չորս տարի անց Գերմանիան առճակատվել էր ներգաղթի խնդրի հետ, Մեզութ Օյզիլնէլ վատ էր խաղում, ինչպես և մյուս գերմանացի ֆուտբոլիստները։ Բայց կենտրոնական հարձակվողների որակի, ֆուտբոլի մասին խոսելու փոխարեն քննարկման առարկա էին դարձել նաև ֆուտբոլի առնչությամբ ռասիզմը և ազգային ինքնությունը։Ֆուտբոլն այլևս ուղղակի սպորտ չէր, այլ քաղաքականություն։ Եվ այդ քննարկումների կրողները համապատասխանում էին «քաղաքացիական հասարակության»բաղադրիչներիբոլոր չափանիշներին։Գերմանիան հանկարծ հասկացավ, որ «քաղաքացիական հասարակությունը» որոշակի քաղաքական պարագաներում կարող է ունենալ նաև չար կողմ։

Գերմանական կառավարության քաղաքականության մասին հանրային դիսկուրսում և բանավեճում հանկարծ դեր խաղացին նաև այն հաստատությունները և կազմակերպությունները, որոնք ձևական առումով բավարարում էին «քաղաքացիական հասարակության»բոլոր չափանիշները։Այդ կազմակերպությունների անդամները օգտագործում էինքաղաքացիական հասարակության հարթակը փաստարկներ բերելու համար նրանց դեմ, ովքեր իրենց համարում էին «քաղաքացիական հասարակության» բացառապես «լավ» մաս, ինչպես, օրինակ, այն միությունները, որոնք հոգ էին տանում ներգաղթածների ինտեգրման մասին։

Հասարակական դիսկուրսը գերմանական «քաղաքացիական հասարակության» ներսում գնալով մեծ թափով սրվում էր։ Փոխվել էին քաղաքական շրջանակային պայմանները։ Նախկինում հիմնականում քննարկվում էին բաշխման հարցերը։ «Քաղաքացիական հասարակության» ներսում քննարկվում էր այն հարցը, թե արդյո՞ք պետությունը, այսինքն՝ քաղաքականությունը, պետք է ավելի շատ միջամտի մարդկանց կյանքին։

Բայց ներգաղթի ֆոնին բարձրացվեցին քաղաքական պատկանելության և ինքնության հիմնարար հարցեր։ Գերմանիայում այլևս այնքան էլ կարևոր չէ այն հարցը, թե ում ինչը պետք է պատկանի: Շատ ավելի կարևոր է քաղաքական համայնքներին և հասարակական խմբերին պատկանելու հարցը։ «Քաղաքացիական հասարակության» դիսկուրսում գնալով ավելի շատ է բարձրացվում այն հարցը, թե մարդ իրեն ում հետ պետք է նույնականացնի։ Այն, թե սեփական ինքնության համար ինչ դեր է խաղում Եվրոպական Միությունը և թե ինչ դեր պետք է խաղա ազգային պետությունը։Այժմ դեր են խաղում «քաղաքացիական հասարակության» լայն սպեկտրի տարբեր մասերը։

Մեծ նշանակություն են ձեռք բերել այսուհետ մշակութային ինքնության և պատկանելության հարցերը։ Այն հաստատությունները և միավորումները, որոնք իրենց գոյության հիմքում դրել են այսպիսի թեմաներ, «քաղաքացիական հասարակության» մասերն են։Ճիշտ է, մինչև հիմա նրանք հանրային ընկալման մեջ ավելի շուտ երկրորդական դեր են խաղացել։ Սակայն այժմ «քաղաքացիական հասարակության» այդ մասերը սկսեցին ակնառու դեր խաղալ հանրային դիսկուրսում։

Մի կողմից`«քաղաքացիական հասարակությունը» մեծ չափով ակտիվորեն զբաղվել է բազմաթիվ փախստականների և ներգաղթածների ինտեգրման խնդրով։ Պետությունը մենակ բոլորովին ի վիճակի չէր լինի հաղթահարել այս մարտահրավերները։Մյուս կողմից`«քաղաքացիական հասարակության» այլ մասերն արտահայտում են իրենց դժգոհությունը քաղաքական գործիչներից։Նրանք մտավախություն ունեն, որ հասարակության մեջ, նաև սեփական «քաղաքացիական հասարակության մեջ» կգերիշխեն օտարները։ Գերմանական հավաքականի սպորտային համազգեստը կրող կենտրոնական հարձակվողը պետք է միմիայն գոլեր խփի և խուսափի հնարավոր սեփական մշակութային հակումները կամ առաջնահերթությունները ցուցադրելուց։

Գերմանիայում (և կարծում եմ, նաև մյուս արևմտաեվրոպական երկրներում) քաղաքացիական հասարակությունը փոփոխությունների է ենթարկվում։Ակնհայտ է, որ փոփոխված արտաքին ու ներքին քաղաքական պայմաններում «քաղաքացիական հասարակությունը» փոխվում է նաև կայացած ժողովրդավարական պետություններում։ «Քաղաքացիական» ակտիվությունն ինքնին պարտադիր չէ, որ լինի «առաջադեմ», «լավ» կամ «հեղափոխական»։

Ի միջի այլոց Գերմանիան արդեն20-րդ դարի առաջին կեսին հասկացավ, որ հարաբերությունը «քաղաքացիական հասարակության» և քաղաքականության միջև կարող է և շատ բարդ լինել։ «Քաղաքացիական հասարակության» անկախությունը բարձր արժեք է։ Առաջին գերմանական ժողովրդավարական պետությունը, որը գոյություն ունեցավ1919-ից մինչև1933 թվականը, ուներ լայն սպեկտրի «քաղաքացիական հասարակություն»։Արդեն այն ժամանակ Գերմանիայում պաշտոնական քաղաքականությունից դուրս կային բազմաթիվ միավորումներ և հաստատություններ։ Բայց նացիստներին հաջողվեց քաղաքացիական հասարակության հաստատություններից շատերն իրենց համար գործիք դարձնել։

«Քաղաքացիական հասարակությունը»լավ աշխատող ժողովրդավարության էական նախապայման է։ Բայց, ինչպես ցույց է տալիս գերմանական փորձը, «քաղաքացիական հասարակությունն» ինքնաբերաբար և սկզբունքորեն միայն դրական բան չէ։ Եվ «քաղաքացիական հասարակության» հաստատությունները ևս կարող են փոփոխությունների ենթարկվել։ Ամենից առաջ կուզենայի կոչ անել քաղաքականությունը և քաղաքացիական հասարակությունը չդիտել որպես իրար հակադիր։ Եթե քաղաքականությունը գործիք է դառնում քաղաքացիական հասարակության դեմ կամ, եթե, հակառակը քաղաքացիական հասարակությունն է գործիք դառնում քաղաքականության դեմ, ապա ճնշման տակ է հայտնվում ժողովրդավարությունը։

 

«Քաղաքացիական հասարակությունը» Կենտրոնական Արևելյան ու Արևելյան Եվրոպայում

 

Այն փորձը, որ կուտակել եմ բալթյան հանրապետություններում, Մոնղոլիայում, Ալբանիայում, Վրաստանում և Հայաստանում, ցույց է տալիս, որ «քաղաքացիական հասարակությունները» հետկումունիստական տարածքում առանձնահատուկ զարգացում են ստացել։ Բացառությամբ Լեհաստանի, որտեղ քաղաքացիական հասարակության կառույցներն առաջացել էին արդեն սկսած 1970-ական թվականներից, նախկին կոմունիստական երկրներում այդպիսիները գրեթե չկային կամ չափազանց սակավաթիվ էին։Քաղաքացիական հասարակության կառույցների համար էական նախապայմաններից մեկն իրավական է՝ որոշակի նպատակներով միավորումներ ստեղծելու իրավունքը...

Այդ նախապայմանը չկար նախկին կոմունիստական պետությունների մեծ մասում և կամ էլ իշխանությունները պարզապես արգելել էին նման կառույցների գոյությունը։ Իհարկե կուսակցությունների կողքին կային շատ թե քիչ նաև ուրիշ հաստատություններ և կազմակերպություններ։ Բայց դրանք որպես կանոն ստեղծվել էին հենց համապատասխան պետության կողմից։Բազմաթիվ դեպքերում նպատակն էր ավելի լավ վերահսկել այն քաղաքացիներին, ովքեր կոմունիստական կուսակցության անդամ չեն։

Կենտրոնական Արևելյան ու Արևելյան Եվրոպայի երկրներումքաղաքացիական հասարակության կառույցների կազմավորումը և զարգացումն ունի երկու առանձնահատկություն։

Առաջին՝ Եթե 1990-ից հետո Կենտրոնական Արևելյան ու Արևելյան Եվրոպայի պետություններում առաջացան ինստիտուցիոնալացված «քաղաքացիական հասարակություներ», ապա հաճախ դրա շարժառիթը պետության պաշտոնական կուսակցական քաղաքականությանը հակակշիռ ստեղծելն էր։Սրանով բացատրվում է նաև այն, թե ինչու են այդ երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները հաճախ ենթադրում, թե «քաղաքացիական հասարակությունը» և «քաղաքականությունը» հակադիր են իրար։

Երկրորդ՝ Անցումային հասարակությունների քաղաքական գործիչները, օրինակ, նաև Հայաստանի Հանրապետությունում, ձգտում են միջազգային շփումների Եվրոպական Միության կամ Արևմուտքի ուրիշ պետությունների հետ։ Զարգացմանն ուղղված միջազգային օգնության հիմնական նախապայմանը եղել են և են սահմանադրություններում սահմանված չափորոշիչները։Դրանցում պետք է այս կամ այն ձևով ամրագրված լինի այն, ինչ արգելված էր կոմունիստական ռեժիմում՝ կամավորության և պետությունից անկախության հիմքի վրա միավորումների ստեղծման հնարավորությունը։Այդ հնարավորությունըpro forma սկզբունքորեն տրված է նոր սահմանադրությունների շրջանակներում։

Բայց այն քաղաքական գործիչները, ովքեր բազմաթիվ դեպքերում ակտիվ գործել են արդեն կոմունիստական ժամանակներում, թերահավատ են քաղաքացիական հասարակության կառույցների հանդեպ։Սակայն նման կառույցները միաժամանակ ընձեռում են ավելի լայն վերահսկողության հնարավորություն, ամենից առաջ դա այդ ազգային քաղաքացիական հասարակությունների կառույցների միջոցով միջազգային հաստատությունների օժանդակությունն ստանալու հնարավորությունն է։Դա հանգեցրել է նրան, որ «քաղաքացիական հասարակության» կազմավորումը 1990-ական թվականներից սկսած շատ հաճախ նախաձեռնվել է հենց նոր քաղաքական որոշումներ կայացնողների կողմից։Կամ, եթե այլ կերպ ձևակերպեմ, մենք պարզում ենք, որ քաղաքացիական հասարակության բազմաթիվ հաստատությունների հետևում ի վերջո կանգնած են քաղաքական գործիչներ։ Եվ այդ դեպքում մեզ համար բնականաբար հարց է ծագում, թե արդյո՞ք որևէ նման կազմակերպություն իրոք ի վիճակի է ուժեղացնել «քաղաքացիական հասարակությունը»։Բանն այն է, որ չնայած բոլոր փոփոխություններին, որոնք ես փորձեցի ներկայացնել Գերմանիայի օրինակով, «քաղաքացիական հասարակության» կարևորագույն չափանիշը մնում է անկախությունը քաղաքական գործիչներից։

Մեզ՝ Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամի համար համագործակցությունը այս կամ այն երկրի «քաղաքացիական հասարակության» հետ մնում է կարևորագույն խնդիրը։ Այն երկրներում, որտեղ հնարավոր է, մենք փորձում ենք համագործակցել նաև քաղաքական դերակատարների հետ, եթե դա կծառայի ժողովրդավարության խթանմանը։

Բայց էլ ավելի մեծ չափով մենք կարևորություն ենք տալիս երկրներում «քաղաքացիական հասարակության» հետ համագործակցությանը և նրան օժանդակելուն։

Հուսով եմ, որ այսօր այստեղ ներկայացվող ծրագրով մենք կկարողանանք նպաստել «քաղաքացիական հասարակության» զորացմանը։

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում