Նպատակը և գործունեությունը

Կառույցները

Պատմություն

Կենտրոնի գործունեության նպատակներն են հայ հասարակության արդիականացմանը նպաստող բնագավառային և միջբնագավառային հետազոտությունները հումանիտար գիտելիքի տարբեր ոլորտներում (քաղաքագիտություն, սոցիոլոգիա, մշակութաբանություն, գրականագիտություն, փիլիսոփայություն և այլն), ինչպես նաև դրանց ընթացքում ստացված արդյունքների հիման վրա իրականացվող հրապարակախոսական, գիտա-կազմակերպչական, գիտա-կրթական և հրատարակչական աշխատանքները:

Կենտրոնը հատուկ նշանակություն է տալիս հայաստանյան հասարակության, ինչպես նաև ողջ հայության ազգային ինքնակազմակերպման հնարավորությունների, ուղղությունների և գործնական հեռանկարների ուսումնասիրությանը՝ համաշխարհայնացման պայմաններում։

Այդ խնդրի լուծումը պահանջում է մշտական ինտելեկտուալ երկխոսություն միջազգային գիտական հանրության հետ, որը միտված կլինի աշխարհի տարբեր երկրներում արդի սոցիալական կառուցվածքների ուսումնասիրության փորձի փոխանակմանը և կնպաստի արդի հայկական իրողությունների նկարագրությանը ծառայող համապատասխան լեզուների մշակմանը։ Ընդ այդմ, խոսքը ոչ միայն գոյություն ունեցող տեսական մոդելների և սոցիալական պրակտիկաների փոխառնման և ստեղծագործական յուրացման մասին է, այլ նաև՝ հասարակության փոխակերպման հայկական յուրահատուկ փորձի արդյունքներն ընդհանրացնելու և միջազգային հանրությանն այն ներկայացնելու մասին։

Այս համատեքստում հատուկ նշանակություն են ձեռք բերում հայագիտության մեթոդաբանական սկզբունքների մշակումը և հայագիտական հետազոտությունների արդիական ուղղությունների նախանշումը։

Կենտրոնն իր առաջնահերթ խնդիրներից է համարում Հայաստանի, Սփյուռքի և արտասահմանյան հայագետների փոխըմբռնմանը նպաստող հաղորդակցական հարթակի ձևավորումը, որը կծառայի նրանց միջև արդյունավետ երկխոսությանը և փոխգործակցության ծավալմանը։ 

Կենտրոնը նպատակ ունի գիտաժողովների և սեմինարների կազմակերպման, սեփական  ուսումնասիրությունների և թարգմանական գործերի հրապարակումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մեջ ընդունված այլ միջոցներով նպաստել Հայաստանում հումանիտար գիտությունների բնագավառում բարձր պրոֆեսիոնալիզմի և գիտական-քննադատական մթնոլորտի ձևավորմանը:

Կենտրոնի թե պետական կառույցների, թե հասարակական կարծիքի վրա ազդելու հիմնական ձևը բաց երկխոսություններն են։

Մուտք


Գրանցում